Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության՝ Հ․ Թումանյանի տուն-թանգարան
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը մեկնարկում է մշակութային ժառանգության պահպանման ուղղված նախաձեռնություն: Այն հնարավորություն կտա նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսերը, ուղղելու դրանք հնարավոր հիմնախնդիրների լուծմանը, որն իր հերթին կապահովի կայուն զարգացում և ներդրումներ կլիմայի փոփոխության ոլորտում:
Հավատարիմ լինելով կայուն զարգացման իր ռազմավարությանը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են կայուն տնտեսության կառուցմանը։ Առաջնորդվելով վերոնշյալով՝ բանկը նվիրաբերություն է կատարել «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությանը, որի շրջանակներում նախատեսվում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին տրամադրել կայուն էներգաարդյունավետ լուծումներ, ինչը հնարավորություն կընձեռի խնայել միջոցներ և ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։
Այս կապակցությամբ ծրագրի իրականացման նպատակով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի միջև կնքվեց պայմանագիր:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ թանգարանի տանիքին կտեղադրվի 20.08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, որը հնարավորություն կտա աջակցելու մշակութային ժառանգության օբյեկտին դառնալ ավելի կայուն և էներգաարդյունավետ: Կայանը տարեկան կարտադրի 25802 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապահովելով 1․083․700 ՀՀ դրամ խնայողություն: Դրանք իր հերթին կօգնեն թանգարանին արևային էներգիայի միջոցով բավարարել սեփական էներգետիկ կարիքները, իսկ ծախսերի խնայողությունը ուղղել «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ծրագրի իրականացմանը:
Ծրագրին նաև իր մասնակցությունն է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով թանգարանին, էլեկտրաէներգիայի պայմանագրում համապատասխան տեխնիկատնտեսական պայմանների փոփոխության և համապատասխանեցման, ինչպես նաև ծրագրի իրականացման համար էլեկրաէներգիայի մատակարարման համար անհրաժեշտ պայմանները ստեղծելով:
Արևային կայանի կառուցումը կիրականացնի «Օպտիմում Էներջի» ընկերությունը: