Այլ ռեսուրսներ


Երկրաջերմային էներգետիկա

Երկրի ընդերքի ջերմությունը էներգիայի խոշոր և գործնականում անսպառ աղբյուր է:

Կատարված ուսումնասիրությունների շնորհիվ հայտնաբերվել են մի շարք տեղամասեր, որոնցից երեքում կատարված երկրաֆիզիկական հետազոտությունները հաստատել են հրաբխային չսառած մագմատիկ օջախների առկայությունը։

«Ջերմաղբյուր» երկրաջերմային հարթակ

Գտնվում է Սիսիանի շրջանում, Ջերմաղբյուր գետի «Բուգուրչայ» վերին հոսանքում, 2650-3000 մ բացարձակ բարձրության վրա։ Երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. ճնշ.) տաք ջրի (մինչև 250օC) պաշարներ:  

«Գռիձոր» և «Կարկառ» երկրաջերմային հարթակներ

Հարթակները գտնվում են Ջերմաղբյուրի տեղամասից 7 կմ հարավ-արևելք, Սյունիքի լեռնաշղթայի ջրբաժանային մասում, 2750-3100 մ բացարձակ բարձրության վրա: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու Զարգացման Միջազգային Բանկի համատեղ ֆինանսական միջոցներով «Գռիձոր» և «Կարկառ» երկրաջերմային հարթակներում ավարտվել են համապատասխան երկրաֆիզիկական հետազոտությունները:  

Այլ երկրաջերմային տեղամասերից հատկապես հայտնի են Սիսիանի, Վայոց սարի, Ակնալճի, Ղոլղաթի, Հայկական ատոմակայանի, Մուխանի և այլ տեղամասեր:



Կենսազանգվածի էներգետիկա

Կենսագազ

Կենսագազի ստացման պոտենցիալը Հայաստանում տարեկան մոտ 135 մլն մ3 է: Այս բնագավառում դեռ առաջին ծրագրերն են իրականացվում, մեծ է միջազգային ներդրողների ուշադրությունը ոլորտի նկատմամբ:

Կենսաէթանոլ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, Համաշխարհային Բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ, իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության և յուրացման ներուժի և հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը: Ծրագրի շրջանակներում, երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է մոտ 30000 տոննա տարեկան, ինչը կազմում է Հանրապետությունում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10%-ը: Կենսաէթանոլը առավելագույնս արդյունավետ արտադրելու համար որպես հումք խորհրդատուի կողմից առաջարկվել են այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր ինչպիսիք են` գետնախնձորը և եգիպտացորենը, ինչպես նաև ցելյուլոզային հումքը: