Սահմանապահ Կոթի գյուղը լեդաֆիկացված է

05 May 2019

Մայիսի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղը ամբողջությամբ լեդաֆիկացվեց Լուսավոր սահման ծրագրի շրջանակներում։

Ս.թ. մայիսի 5-ին Տավուշի շրջանի Կոթի սահմանամերձ համայնքի բոլոր տնային տնտեսություններին Լուսավոր Սահման ծրագրի շրջանակներում տրամադրվեցին բարձրորակ, երեք տարվա երաշխիք ունեցող հնգական LED լուսադիոդիային լամպեր։ Ընդհանուր առմամբ 454 ընտանիքի բաժանվեց 2270 LED լամպեր։ 35 հոգուց բաղկացած կամավորական խումբը և Էներգետիկայի Հայկական Գործակալության աշխատակազմը անձամբ տեղադրեցին լամպերը՝ այցելելով ընտանիքներին, իրազեկեցին էներգախնայողության և էներգաարդյունավետության մասին։

Նախքան լեդաֆիկացումը տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որտեղ ներկայացվեց ՀՀ էներգետիկ համակարգի մարտահրավերները, էներգախնայողության ու էներգաարդյունավետության կարևորությունը այդ մարտահրավերները հաղթահարելու գործում, LED լամպերի կիրառումը որպես էներախնայողության և էներգետիկ աղքատությունը կրճատելու միջոց։ Քննարկման ընթացքում ներկայացվեց Լուսավոր Սահման ծրագիրը, նպատակը, խնդիրները։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, հնչեցին մի շարք առաջարկներ։

Կոթիի վարչական կառավարիչ Ֆելիքս Մելիքյանը և Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը ներկա էին քննարկումներին, օժանդակում էին աշխատանքներին ու պատմում Կոթիի մարտահրավերների ու հերոսական ուղու մասին։ Կոթին 38 կմ սահմանագծով սահմանակից է ադրբեջանական Մազամ Ղարախլու, Սաշ Սալախլու, Ալփոուտ և էլի 4 փոքր բնակավայրերի: Մի փոքր ավելի հեռու ադրբեջանական Ղազախ քաղաքն է:

Կամավորների խումբը բաղկացած էր մարտ-ապրիլ ամիսներին Էներգետիկայի հայկական գործակալության կողմից կազմակերպած «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացներին մասնակցած ավագ դպրոցի աշակերտներից, ուսանողներից, ինչպես նաև նախկին կամավորներից, ովքեր լեդաֆիկացրել էին այլ սահմանամերձ համայնքներ։ Կամավորները ներկայացնում էին Շիրակացու Ճեմարանը, Գիտությունների Ազագային Ակադեմիայի գիտակրթական կենտրոնը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը, ՀԱՊՀ ավագ դպրոցն ու համալսարանը և այլն։

Կամավորները նշեցին, որ պատիվ էր լինել այս նախաձեռնության մի մասը, ներդրում ունենալ ծրագրի իրականացմանը, հնարավորություն ստանալ կիսվել դասընթացների ընթացքում ստացած տեսական գիտելիքներով ու հպարտ են, որ ճանաչեցին ու ընկերացան սահմանապահ գյուղացու առօրյա խնդիրների ու պատմությունների հետ։ Կամավորների մեծ մասը, որ առաջին անգամ էին սահմանամերձ համայնք այցելում, ընկերացան երիտասարդների հետ, ոգեշնչվեցին՝ տեսնելով սահմանահ գյուղացու անտոկուն կամքի ուժը, հայենասիրությունը ու նվիրվածությունը։ Շատերը պատրաստակամություն հայտնեցին կրկին այցելել արդեն այլ նախաձեռնություններով։

Կոթիի բնակիչները շնորհակալ էին և ուրախ այցելության, ուշադրության համար։ Հույս հայտնեցին, որ տրամադրված LED լուսադիոդային լամպերը կթեթևացնեն նրանց ֆինանսական բեռը։ Հիշեցնենք, որ Լուսավոր սահման ծրագրի ընթացքում ընտրված են 37 սահմանամերձ համայնքներ, որոնցից զգալի մասն արդեն լեդաֆիկացվել է։ Կոթին 28-երրորդն էր։

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման ցանկի: 

«Լուսավոր սահման»-ը մեկնարկել է 2016թ. նոյեմբեր ամսին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո որպես բարեգործական ծրագիր:

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: