Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն

22 Jan 2021

Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը կբարձրացնա 2.27 դրամ/կՎտժ-ով

2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։
Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Մանրամասն հաշվարկները հնարավոր է տեսնել հետևյալ հղումով:

Արդյունքում, առաջարկվում է՝
1) սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ,
2) իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագները հաշվարկվում եւ սահմանվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով հաստատված սակագների հաշվարկման մեթոդիկաների եւ կանոնների հիման վրա, ինչպես նաեւ հաշվի են առնվում պետություն-մասնավոր հատված գործընկերության ծրագրերի շրջանակում կնքված համաձայնագրերի պահանջները։

Էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագները վերջին անգամ վերանայվել եւ ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 1-ից, իսկ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, որոնց սակագները վերջին անգամ վերանայվել են 2019 թվականի փետրվարի 1-ից։

 Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ էլեկտրաէներգիայի սակագները կարող են վերանայվել 6 ամսից ոչ շուտ, սակայն ՀԾԿՀ-ն սովորաբար էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագները վերանայում է տարեկան արդյունքներով։

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի 2016թ-ի դեկտեմբերի 23-ի N 422-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից: